Բան գիտեք, ասե՛ք
Կարդալ հրատարակչի կայքումՀոդվածը ներկայացված է բնագրի լեզվով։
Մոսկվայում ապրում են մեր հայրենակիցներ Սմբատ Կարախանյանն ու Արբակ Խաչատրյանը, որոնք գուցե շատ հարցերում տարբեր են, բայց նման են նրանով, որ երբեմն մեր իշխանավորների եւ օլիգարխների մասին հետաքրքիր տեղեկություններ են հաղորդում: Սուբյեկտիվորեն հակված եմ այդ տեղեկություններին հավատալ, նրանցից ամեն ինչ սպասելի է, սակայն այդ կոմպրոմատների փաստաթղթային հաստատում ստանալը շատ դժվար է, իսկ հիշյալ անձինք էլ դա չեն ներկայացնում: Ճիշտն ասած, ինձ վրա այդ գործիչները կիսակագեբեշնիկի, կիսաբիզնեսմենի, կիսալոբբիստի տպավորություն են թողնում: Համենայնդեպս, իրենք իրենց շուրջը ինչ-որ առեղծվածային շղարշ են ստեղծում՝ գրեթե ոտքով են բացում Պուտինի աշխատասենյակի դուռը, կարող են ՌԴ նախագահի մոտ տանել հայաստանյան ցանկացած գործչի եւ երեքով քննարկել մեր երկրի ապագան, այդ թվում նաեւ այն հարցը, թե ում է Պուտինը նշանակելու ՀՀ նախագահ: Չգիտեմ, գուցե այդ տղաներն իսկապես այդքան ազդեցիկ են եւ այդքան շատ բան գիտեն, բայց այդ դեպքում, եթե նրանք իրոք մտահոգված են Հայաստանի ներկայիս, մեղմ ասած, ոչ այնքան փայլուն վիճակով, ապա, կարծում եմ, նրանք պետք է փոքր-ինչ թուլացնեն գաղտնապահական-լրտեսական ոճը եւ որոշ բաներ ասեն ուղիղ տեքստով՝ դրանով իսկ մեծ ծառայութուն մատուցելով հայրենիքին:
Մասնավորապես, անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը «Առավոտին» տված հարցազրույցում հայտնել է, որ Հայաստանի իշխանությունները շատ են գողանում, մեծ հարստություններ են դիզել եւ այդ հարստությունները պահում են արտասահմանյան բանկերում: Բայց դա, պարզ ասենք, էքսկլյուզիվ տեղեկատվություն չէ, դա մենք առանց Արբակի էլ գիտենք: Այ, եթե նա ասեր, թե ով ինչպես է գողանում եւ որ բանկերում է փողերը պահում, դա մեծ ներդրում կլիներ մեր երկրի առողջացման հարցում: (Առայժմ հայտնի է միայն կիպրոսյան օֆշորի մասին, բայց դա «Հետքի» մեր գործընկերների շնորհքն է): Օրինակ՝ ասվում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 4 միլիարդ դոլար ունի: Մեր՝ լայն կապեր ունեցող հայրենակիցները գիտե՞ն, թե ինչպես է նա այդ փողերը ձեռք բերել եւ ինչ տեսքով են այդ ակտիվները: Եթե գիտեն, թող ասեն՝ գաղտնապահություն խաղալն այստեղ վնասակար է:
…Տարիներ առաջ մի ծանոթ ունեի, կարծեմ, ներկա կամ նախկին «կագեբեշնիկ» էր (անունը դնենք Պողոս): Նա սիրում էր ինքն իր հետ հարցազրույցներ անել եւ հետո առաջարկել դա որպես «Առավոտի»՝ նրա հետ հարցազրույց: Մոտավորապես այսպես. «Առավոտը» հետաքրքրվեց Պողոսից,- ինքն իր մասին գրում էր Պողոսը,- արդյոք Օբաման սուզանավով հասե՞լ է Կասպից ծով եւ գաղտնի հանդիպում անցկացրել Ալիեւի հետ: Պողոսը,- գրում էր Պողոսը,- ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այդ լուրը»:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Նշում աղբյուրի մասին
Publication date displayed in the publisher's Arbak Khachatryan tag index.