Արբակ Խաչատրյան
Մեդիայում / 2023

Հայաստանը պետք է շարժվի սեփական անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, ՌԴ-ի քայլերը շրջվում են հենց իր դեմ. Արբակ Խաչատրյան

1in.amՀրապարակման ամսաթիվ: 2023-03-28Բնագրի լեզուն: Հայերեն
Կարդալ հրատարակչի կայքում

Հոդվածը ներկայացված է բնագրի լեզվով։

Պաշտոնական Մոսկվան կոշտ է արձագանքում Միջազգային քրեական դատարանի կանոնադրությանը միանալու Երևանի մտադրությանը ու զգուշացնում՝ երկկողմ հարաբերություններում դրա «չափազանց բացասական» հետևանքների մասին։

Հենց այդ դատարանը վերջերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու որոշում կայացրեց պատերազմական հանցագործության համար։

Ռուսաստանի արտգործնախարարության անանուն աղբյուրն, ըստ ՏԱՍՍ պետական գործակալության, ասել է․ «Մոսկվայում բացարձակապես անընդունելի են համարում Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը միանալու պաշտոնական Երևանի ծրագրերը՝ Ռուսաստանի ղեկավարության դեմ Միջազգային քրեական դատարանի վերջին ողորմելի և իրավաբանորեն անվավեր «օրդերի» համատեքստում»։

Ըստ այդ աղբյուրի՝ հայկական կողմը զգուշացվել է երկկողմ հարաբերությունների համար Երևանի հնարավոր քայլերի «չափազանց բացասական» հետևանքների մասին։

Հիշեցնենք, որ Հայաստանի Սահմանադրական դատարանն անցած ուրբաթ որոշեց, որ միջազգային դատարանի Հռոմի կանոնադրությունը համապատասխանում է Սահմանադրությանը։Միջազգային փաստաթուղթը դեռ պետք է վավերացվի Ազգային ժողովում։

Փորձագետ Արբակ Խաչատրյանը համարում է, որ Հայաստանը պետք է որոշումներ կայացնի սեփական անվտանգության ու շահերի տեսակետից, բայց միևնույն ժամանակ իրավիճակի վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնում.«Հայաստանն, առաջին հերթին, պետք է ամեն ինչ անի, որ պաշտպանի իր անվտանգությունը՝ իր գաղափարներով ու մոտեցմամբ։ Ինձ նմանատիպ հայտարարություններն այնքան չեն հուզում, ինչքան առկա խնդիրներն ավելի լայն համատեքստում։ Մինչև 2018 թվականը միայն թալան էր, դրանից հետո՝ միայն բառեր, ես չեմ տեսնում քայլեր, որոնք արվում են Հայաստանի անվտանգության համար, իսկ սա եղածի միայն չնչին բաղադրիչ է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքերով՝ Հայաստանում մշակված, ստրատեգիական քայլեր չեն արվում.«Ես արդեն երկու-երեք տարի է, լսում եմ՝ ում միանանք, որ անվտանգ լինենք՝ սեփական անվտանգությունը հզորացնելու փոխարեն։ Եվ զարմանալի է, որ նման պետության հետ այս տոնայնությամբ են խոսում։ Պետական կառույցները չեն մտածում ամենակարևոր հանգամանքների մասին, այսօր քաղում ենք դրա պտուղները։Երբեք տոռերիստի, հանցագործի, քո ազգին վերացնողի հետ պայմանագիր չեն կնքում»։

Արբակ Խաչատրյանի դիտարկմամբ՝ Ռուսաստանի շատ քայլեր վերջին 20 տարիների ընթացքում դուրս են եկել հենց իր դեմ.«Ընդհանրապես հետաքրքիր չէ, թե քաղաքական մեկնաբաններն ինչ կասեն կամ ԱԳՆ-ն ինչ արձագանք կտա։ Ինձ հետաքրքիր է Հայաստանի անելիքը։ Առհասարակ՝ արդյոք պետք էր հենց այս պահին նման որոշում կայացնել, հենց հիմա՞ պետք է Սահմանադրական դատարանը նման որոշում կայացներ։ Այդ ինչու՞ են բոլոր հայտնի գործերը տարիներով ձգում երկրի ներսում, իսկ հենց այս որոշումը հրապարակում այս պահին։ Հայաստանը դեռ չունի սեփական անվտանգային համակարգ, եթե Ուկրաինայի պատերազմը չլիներ, Հայաստանը նման որոշում կկայացնե՞ր»։

Խաչատրյանն ընդգծեց՝ իշխանությունները շարժվում են միայն հներին քննադատելու տրամաբանությամբ, այդ կերպ կարողանալով վերընտրվել, իսկ խնդիրներն այդպես էլ մնում են չլուծված.«Հիմա էլ Ռուսաստանը կարող է այդ դատավորներին ձերբակալելու որոշում կայացնել, հասկանու՞մ եք ինչ է սկսվում։ Հայաստանը պատրա՞ստ է հնարավոր հետևանքներին»։

Դիտարկմանը, թե Հայաստանն այդ որոշումը կայացրել է ոչ թե Պուտինին ձերբակալելու համար, այլ ընդդեմ Ադրբեջանի գործողությունների, մեր զրուցակիցն ասաց՝ ավելի մանրամասն բացատրելու կարիք կա՝ ընդ որում առաջին դեմքերի մակարդակով, ավելորդ բախումներից խուսափելու համար.«Եթե ճիշտ եք, գիտեք, որ ձեր որոշումներից ձեր ժողովուրդն անվտանգ է լինելու՝ արեք այդ քայլերը։ Եվ հարցն ամենևին այս մանր էպիզոդներին չի վերաբերում։ Հայաստանում ամեն ինչին են չափազանց անլուրջ վերաբերում, ո՞նց կարող ես մի պայմանագիր կնքել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ու համարես, որ այդ թղթով արդեն խաղաղություն է լինելու՝ մոռանալով սեփական անվտանգության հզորացումը»։

Արբակ Խաչատրյանը նաև ընդգծեց.«Եթե Հայաստանն իսկապես լիներ ինքնիշխան պետություն, նման արձագանքներ չէին լինի։ Եթե ներքին սահմանադրությունն է սխալ, ի՞նչ ինքնուրույնության մասին է խոսքը։ Ադրբեջանի քաղաքացիներին 20 տարի երկրի նախագահ էին կարգել ու ինչ ասես ստորագրում էին, ո՞վ ասեց, որ դա ճիշտ էր։ Ես Հայաստանի թիվ մեկ խնդիրն եմ համարում անվտանգության վերականգնումը։ Ռազմավարական մոտեցում է պետք ազգը փրկելու, ազգի շահերը սպասարկելու համար։