Արբակ Խաչատրյան
Դիմումներ / 2026

Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ին

Explosion & New LifeԱմսաթիվը՝ անձնական արխիվում: 2026-05-03Բնագրի լեզուն: Հայերեն
Կարդալ հրատարակչի կայքում

Հոդվածը ներկայացված է բնագրի լեզվով։

Նորին Սրբություն, Ձեզ եմ դիմում, քանի որ Վատիկանը հանդիսանում է կաթոլիկության հոգևոր կենտրոնը, որն իր հոգևոր ազդեցությամբ ձևավորում է աշխարհի ավելի քան մեկ միլիարդ հավատացյալների հոգևոր դիրքորոշումը և կյանքը։

Սա իմ երկրորդ նամակն է։ Առաջինը (կցված է) մենք՝ համախոհների մի խումբ, միասին ուղարկել էինք Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ։ Այդ նամակում մենք Երկիրը համեմատել էինք մահվան եզրին գտնվող հիվանդ մոր հետ:

Այս դիմումից շատ առաջ ես արդեն գրել էի սպասվող աղետների և համաշխարհային իրավիճակում առկա վտանգավոր միտումների մասին, որոնք կարող են հանգեցնել տարածաշրջանային հակամարտությունների սրման և դրանց լայնածավալ վերաճի՝ հնարավոր համաշխարհային պատերազմների, այդ թվում՝ Սիրիայում պատերազմի, Ռուսաստան–Ուկրաինա հակամարտության (և Արևմուտքի ներգրավվածության), ինչպես նաև ավելի ուշ՝ Մերձավոր Արևելքում Իրան–Իսրայել հակամարտության մասին։ Ինչպես նաև, Դոնալդ Թրամփի՝ նախազգուշացնելով, որ եթե Միացյալ Նահանգներում իշխանության գա «առևտրական մտածողությամբ» առաջնորդը, աշխարհը կընկղմվի քաոսի մեջ, և նա կլինի ուժեղ Ամերիկայի վերջին նախագահը։ Ցավալ է, բայց մենք տեսնում ենք, որ այսօր այդ իրադարձությունները տեղի են ունենում հենց այնպես, ինչպես կանխատեսվել էր։ Իմ հոդվածներում ես ոչ միայն նախազգուշացրել եմ, թե ինչ կարող է տեղի ունենալ, այլ նաև առաջարկել եմ միջոցներ, որոնք կարող էին օգնել կանխել նման զարգացումները։

Ի հաստատումն ասվածի՝ Ձեզ եմ ուղարկում տարիների ընթացքում գրված իմ վերլուծական և կանխատեսական հոդվածները, ինչպես նաև մարդկության փրկության ուղու վերաբերյալ իմ տեսլականը՝ մի նախագիծ, որն արտացոլում է ներկա իրողություններն ու արժեքները, և այն ներկայացված է երեք էսսեներում՝ «Մայրը և Սատանան», «Մայրը և Սատանան II», և «Աստված. Մայր. Մարդկություն»։

Մենք ցանկանում էինք հանդիպել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ քննարկելու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, հասկանալու, թե ինչպես մարդկությունը կարող է դիմակայել աճող քաոսին և ահաբեկչությանը, համոզվելու՝ արդյոք մեր տեսակետները ճիշտ են, թե մենք ինչ-որ հարցերում սխալվում ենք, և խնդրելու, որպեսզի ճշմարտությունը փոխանցվի մարդկանց։

Սակայն, անհայտ պատճառով, մեզ ոչ միայն չընդունեցին այլ նույնիսկ պատասխան չտրվեցին ․ Ըստ երևույթին, Վատիկանի նամակագրության բաժինը այս հարցը բավարար աստիճանի կարևոր չէր համարել, կամ գուցե ընդունելության արժանանալու համար անհրաժեշտ էին (ազդեցիկ)անձանց հանձնարարականները ․․․

Աստված ինձ շնորհել է ոչ միայն համաշխարհային աղետները (պատերազմներ, հիվանդություններ, արհավիրքներ) կանխատեսելու, այլև դրանց հնարավոր լուծման ուղիները քննարկելու և առաջարկելու կարողություն։ Սակայն Երկնային Տիրոջ կողմից ինձ տրված շնորհը չօգնեց մեզ հանդիպել Երկրի վրա գտնվող Աստծո ներկայացուցչին: Պարադոքսալ է, որ միևնույն ժամանակ Վատիկանում բնականոն կերպով ընդունելության էին արժանանում այն պաշտոնյաներն ու պետական գործիչները, որոնք մարդկութանը հասցրել են աղետի եզրին:

Հնարավոր է, իմ դիմումը հակասում է ներկայիս դիվանագիտական ընթացակարգին, սակայն խնդրում եմ Ձեզ, Սուրբ Հայր, ընդունել սա որպես մեղքերի խոստովանություն Տիրոջ առաջ

Միջուկային աղետի վտանգն այսօր առավել իրական է, քան երբևէ ․ աշխարհը կանգնած է կործանման եզրին։ Ես դիմում եմ Ձեզ, Նորին Սրբություն, որպես հոգևոր հեղինակության, Ում հավատում և հարգում է ավելի քան մեկ միլիարդ մարդ ամբողջ աշխարհում։ Մեզ հրապարակայնություն պետք չէ ․ անկեղծորեն հույս ունենք անձնական հանդիպման և բովանդակալից, կառուցողական երկխոսության։

Խորին հարգանքով՝

Արբակ Խաչատրյան

Նշում աղբյուրի մասին

Publication date supplied by the personal archive; it may differ from the original publication date.