Արբակ Խաչատրյան
Մեդիայում / 2017

Ընտրություններն արդեն կեղծվել են, հիմքը կեղտոտ է. Արբակ Խաչատրյան

1in.amՀրապարակման ամսաթիվ: 2017-03-07Բնագրի լեզուն: Հայերեն
Կարդալ հրատարակչի կայքում

Հոդվածը ներկայացված է բնագրի լեզվով։

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փորձագետ Արբակ Խաչատրյանը։

-Պարոն Խաչատրյան, Հայաստանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Հետևելով իրադարձություններին, ի՞նչ եք կարծում՝ առաջադրված ուժերից որևէ մեկի հետ ռեալ փոփոխությունների հույս կապել կարելի՞ է։

– Անկեղծ ասած, մանրամասն ծանոթ չեմ քաղաքական ուժերի ծրագրերին, մոտեցումներին, ինձ առավել հուզում է, թե գործըթնացներն ինչպես կազդեն Հայաստանի վարած արտաքին քաղաքականության վրա։ Ես թերահավատ եմ, որ ընտրությունները կարող են դրական ելք ունենալ։ Կարևորն այսօր այն է, թե ով կարող է նստել և Հայաստանի շահերը պաշտպանել արտաքին աշխարհում, իսկ այսօր ես այդպիսի գործիչ չեմ տեսնում։ Մենք չենք կարող ամբողջությամբ հույսներս դնել մի երկրի վրա ու ասել, որ այդ երկիրը մեզ կպաշտպանի, իսկ Հայաստանում մարդիկ դրանով են զբաղված։

Ընտրություններն արդեն կեղծված են, հիմքն արդեն կեղտոտ է։ Մի սոված երկրի միջոցով ահռելի գումարներ են վաստակել ու այսօր այդ գումարները կաշառքի ձևով բաժանում են ժողովրդին ու ստիպում, որ իրենց ընտրեն։ Ամենավտանգավորն այն է, որ գրեթե բոլոր գործիչները, քաղաքական ուժերը շղթաներով կապված են արտաքին աշխարհի հետ ու եթե անգամ ուզենան էլ որևէ լավ բան անել՝ չեն կարողանա , շղթաները կխանգարեն։ Այսինքն, անգամ, եթե մեծ ցանկություն էլ լինի՝ չեն կարողանա։ Ոչ թե բոլորը վատն են, պարզապես կախվածությունը թույլ չի տա։ Այսօր ահռելի ծանր իրավիճակ է և այս ներքին ընտրություններն ինձ հույս չեն տալիս, այդ առաջադրված ուժերը կարող են իրար դեմ պայքարել, բայց Հայաստանի համար պայքարել չեն կարող։ 15 տարի առաջ բոլորովին այլ իրավիճակ էր, իսկ այսօր՝ զավեշտ է, բայց հայերը փախնում են Վրաստան ապրելու։ 15-20 տարվա ընթացքում նստեցրեցին ժողովրդի մեջ այն մտածելակերպը, որ գլխավորը փողն է։

-Կարծում եք՝ այս ընտրություններո՞ւմ էլ փողը կորոշի արդյունքը։ Թե մարդիկ հասկացել են, որ 10.000 դրամով ևս հինգ տարի այս իշխանությունների հետ գոյատևել չեն կարողանա։

-Կարծում եմ՝ այո՛, որովհետև այլընտրանք չի առաջարկվում։ Եթե արդեն զզվել են փող վերցնելուց, ապա տրամաբանական է, որ պետք է չքվեարկեն իշխանություններին ու դեմ դուրս գան համակարգին, բայց հարց է առաջանում՝ ո՞ւմ քվեարկեն, այդ ուժը կա՞, ստեղծվե՞ց այս տարիների ընթացքում, կարծում եմ՝ ոչ։ Ժողովուրդը միայն թալան է տեսել և իրեն խաբող գործիչներ, դրա համար էլ վստահություն չկա որևէ քաղաքական ուժի նկատմամբ։ Ժողովուրդը չի գիտակցում, որ նա քաղաքացի է այդ պետության, այսօր չի տեսնում այն ընդդիմադիր ուժին, որի համար կարող է պայքարել։ Այն ընդդիմությունն էլ, որ թույլատրելիի սահմանն անցել է Հայաստանում՝ ձերբակալվել է։

-Այսինքն, կարծում եք՝ իշխանություններին ռեալ այլընտրանքային ուժ չստեղծվե՞ց։

– Ո՛չ, միանշանակ չկա։ Ես համոզված եմ, որ կան շատ մարդիկ, ովքեր թեև սխալներ են թույլ տվել, բայց կկարողանային աշխատել, եթե շղթայված չլինեին։ Այսինքն՝ կան մարդիկ, ովքեր ցանկանան էլ, չեն կարողանա սահմանն անցնել։

-Պարոն Խաչատրյան, ՀՀԿ-ն վարչապետ Կարեն Կարապետյանին դարձրել է իր նախընտրական բրենդը, թեպետ, բնակության հետ կապված խնդրի պատճառով վերջինս ցուցակում տեղ չգտավ։ Կարծում եք՝ հասարակությունը վարչապետի գործոնը հաշվի առնելով կվստահի՞ նորից ՀՀԿ-ին։

-Ինձ համար նախ ծիծաղելի է վարչապետին չգրանցելու հանգամանքը։ Կարծում եմ՝ ՀՀԿ-ի համար դա մեծ խնդիր չէր լինի, հետո էլ օրենքն ինքնին անհեթեթություն է։ Թեկնածուներին գրանցելիս պետք է այլ սկզբունքներով առաջնորդվել։ Այսօր մի նախագահ օրենք է ստորագրել մշտական բնակության մասով, բայց հենց իրենց վարած քաղաքականության հետևանքով հազարավոր մարդիկ այսօր դրսում են, նույնիսկ քաղաքացիություն չունեն, քվեարկել չեն կարող։ Հարցը միայն վարչապետը չէ, այլ առհասարակ այդ մոտեցումն ու անհեթեթ օրենքները։ Վարչապետին չգրանցելը պարզապես իրենց ձեռնտու քայլերի համար է արվել ու հիմնավորումը բերում են օրենքը, ու իրենց թվում է՝ մարդիկ էլ հավատում են, որ իրենք չափազանց օրինապաշտ են։

Ինչ վերաբերում է կոնկրետ վարչապետի միջոցով գովազդելուն, ապա ես կուզենայի, որ վարչապետն օգտագործեր ՀՀԿ-ին և ոչ թե հակառակը։ Իմ ցանկությունը դա է։

-Հայաստանը 3.5 տարի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցելուց հետո մեկ գիշերում որոշեց միանալ Մաքսային միությանը։ Հիմա նորից ավարտվել են Եվրամիության հետ բանակցությունները և ակնկալվում է , որ ոչ այնչափ խորը մի փաստաթուղթ կստորագրվի մայիսին՝ փաստորեն խորհրդարանական ընտրություններից հետո։ Կարծում եք՝ այս անգամ Մոսկվան թույլ կտա՞։

– Ես չէի ցանկանա հետ գնալ ու նորից խոսել Հայաստանի՝ սեպտեմբերի 3-ի որոշման մասին։ Բայց այն ժամանակ դեռ ուժ կար ցույց տալու ու պայքարելու, իսկ այսօր այդ ներքին ուժը գոյություն չունի։ Չկա այն ուժը, որը կարող է Հայաստանը արժանապատվորեն ներկայացնել։

Ինչ վերաբերում է կոնկրետ այս փաստաթղթին, ապա նշեմ, որ այն կարող է հակառակ օգտագործվել։ Ցանկացած փաստաթուղթ այսօր կարող է օգտագործվի Ռուսաստանի դեմ և շատ հնարավոր է՝ խափանվի։ 2013 թվականին Ռուսաստանն ահռելի մեծ սխալ թույլ տվեց, այդչափ Հայաստանին ստորացնելով։ Հիմա Հայաստանը միջազգային ասպարեզում որևէ դիրք չունի և դա ամենավտանգավոր հանգամանքն է։ Մենք հպարտանում ենք մեր նշանավոր մարդկանցով, բայց այդ մարդիկ նշանավոր են միայն նրանով, որ դրսում ահռելի գումարներ են աշխատում ու մեկ էլ միջազգային ատյաններում ելույթներ են ունենում։

– Ի՞նչ եք կարծում՝ առաջիկա ընտրությունների արդունքներն ի՞նչ ազդեցություն կունենան Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Փաստորեն, կա իշխանության պաշտոնական մոտեցում, Լևոն Տեր-Պետրոսյանի՝ սատարող տեսակետը և ոչ մի այլընտրանք այս հարցում։

-Ես չէի ցանկանա այսօր խոսել Ղարաբաղյան հակամարտության մասին՝ այդ մասին շատ եմ խոսել։ Ղարաբաղի հարցն այսօր ամբողջությամբ կախված է միջազգային հարաբերություններից, քանի որ ներքին հնարավորությունները, որ կային հենց նույն Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ՝ կորցրել ենք։ Մենք կարող էին լինել թելադրող, իսկ այսօր դիրքերն ամբողջությամբ փոխվել են։ Միայն աշխարհին վախեցնել, թե մենք պատրաստ ենք կռվել ու հաղթել՝ անհեթեթություն է, ոչ մի տեղ չտանող ճանապարհ։ Դա երկրի ղեկավարի խոսք չէ, դա մոտեցում չէ։

-Այսինքն՝ մոտալուտ հանգուցալուծում այս հարցում չե՞նք կարող ակնկալել։

-Ոչ։ Եվ մանավանդ ընտրությունների ելքից որևէ բան կախված չէ։ Դա իմ կարծիքն է։ Ես չեմ տեսնում մոտ ապագայում հանգուցալուծում։ Մինչև Հայաստանն ու Ադրբեջանն իրար հետ չգնան բանակցության՝ դա չի լինի։ Միայն ուղիղ բանակցություն է հարկավոր։

-Նաև Ղարաբաղի մասնակցությա՞մբ։

-Ղարաբաղը գլխավորն է։ Հայաստանը Ղարաբաղի պաշտպանն է, բայց առանց Ղարաբաղի կարծիքի՝ որևէ բանակցություն լինել չի կարող։