2.5 տարի ասում էիր՝ ղարաբաղցիներն ինձ չեն ընտրել, բա ինչո՞ւ ղարաբաղցիների անունից ստորագրեցիր. Արբակ Խաչատրյան
Կարդալ հրատարակչի կայքումՀոդվածը ներկայացված է բնագրի լեզվով։
«Եթե Նիկոլ Փաշինյանը 2.5 տարի շարունակ հայտարարում էր, որ չի կարող Արցախի ժողովրդի փոխարեն որոշում կայացնել, ինչո՞ւ ստորագրեց այդ չարաբաստիկ փաստաթուղթը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման հարց բարձրացրեց փորձագետ Արբակ Խաչատրյանը։
Նրա կարծիքով՝ այժմ Հայաստանում ծայրաստիճան լարված իրավիճակ է, իսկ գործող իշխանությունը՝ որպես պարտություն ստորագրած ղեկավարություն, այլևս չի կարող շարունակել բանակցությունները, կառավարել երկիրը։ Միևնույն ժամանակ Խաչատրյանը չի կիսում այն մոտեցումը, թե ելքը կարող է լինել Վազգեն Մանուկյանի վարչապետ ընտրվելը. «Հիմա Հայաստանը ներկայացնում է մի մարդ, որը չունի այլևս այն աջակցությունը, որ կար, ասենք, 2.5 տարի առաջ։ Սա Հայաստանին հասցված շատ մեծ հարված էր, ամենակարևորը՝ հոգեբանական առումով։ Մարդիկ մտածում էին, թե թալանից պրծան, հիմա երկիրը կկառուցվի, բայց փաստորեն նման հարված հասցվեց։ Ինչ-որ մեկը Իջևանից գալիս ու ստորագրում է մի փաստաթուղթ, որով տարածքների մեծ մասը հանձնվում է թշնամուն, ու դա էլ անում է այդքան շատ մարդու մահվան գնով։ Աբսուրդ վիճակ է։ Տարիներ շարունակ մարդկանց հաշվին իրենց անձնական միջոցները կուտակեցին, սա էլ մի ուրիշ փորձանք էր՝ եկավ ու տարածքներ հանձնեց»։
Արբակ Խաչատրյանի դիտարկմամբ՝ 2.5 տարվա ընթացքում ոչինչ չի արվել Հայաստանը զարգացման նորմալ հունի վրա դնելու համար. «Բացթողումներն այնքան շատ են, որ նույնիսկ թվարկել չարժե։ Չկա մի ոլորտ, որտեղ բարեխիղճ աշխատանք տարված լինի։ Ու ես համոզված եմ, որ մնալով էլ ոչինչ չեն կարող անել, գնացքն արդեն գնացել է։ Մի մարդ, որին ձեռքերի վրա դրած բերեցին իշխանության, իսկ այսօր նա այդ նույն ժողովրդից պաշտպանվում է այդքան ոստիկաններով։ Սրա ելքը ո՞րն է, ինչքա՞ն կարող է այս ամենը շարունակվել։ Ի՞նչն էր պատճառը, որ ոչինչ չարվեց, ի՞նչն էր խանգարում անել այդ բարեփոխումները։ Վերջապես՝ ի՞նչն էր պատճառը, որ տարիներ շարունակ ասացիր՝ ղարաբաղցիներն ինձ չեն ընտրել, ու գնացիր ղարաբաղցիների անունից ստորագրեցիր։ Ո՞նց ես այսքանից հետո ներկայացնելու Հայաստանը բանակցությունների սեղանին»։
Մեր զրուցակիցը նաև ընդգծեց՝ այսօր չկա անելիքների տեսլական, չկա հստակ քաղաքականություն՝ որ ուղղությամբ է Հայաստանը շարժվում. «Արդյոք խորհրդարանն օրինակա՞ն ճանապարհով ընտրեց Նիկոլին՝ ոչ։ Խորհրդարանն ընտրել էր Սերժին, հետո ժողովուրդը հավաքվեց մերժեց, ու այդ նույն խորհրդարանը բոլորովին այլ ընտրություն կատարեց։ Ինչ ճանապարհով որ եկավ, այդ ճանապարհով էլ հիմա իրեն են ուզում հեռացնել։ Նույնիսկ կա կարծիք, որ այն ժամանակ պատգամավորները անձնական սպառնալիքի ներքո են ընտրություն կատարել։ Այս կառավարությունը չի կարող ներկայացնել երկիրը, ինչո՞ւ թույլ չեն տալիս իրական մտածող, մտավորական մարդիկ կարծիք հայտնեն։
Թե՞ ամենաճիշտն իրենք են, իրենք են ամեն ինչից տեղյակ ու ոչ մեկի խորհրդի կարիքը չունեն։ Տեսանք, թե ինչի հանգեցրեց այս քաղաքականությունը։ Այսքան հող տալուց հետո ո՞նց են շարունակելու պաշտոնավարել, ո՞նց են ապրելու։ Իսրայելից զենք չէին գնում, որ Իրանին չնեղացնեն, բայց Իրանն իրեն ինչպե՞ս պահեց պատերազմի ընթացքում։ Հիշում եք այդ հայտնի պատմությունը, որ Իսրայելը Հայաստանին էլ զենք գնելու առաջարկ արեց ու մերժվեց։ Լավ, ի՞նչ ստացանք մենք դրանից։ Ամեն ինչ վերացրին, բոլորի հետ համագործակցությունը մերժեցին, իբրև իրենք ամենահզորն էին, ամենախելացին, ամենաբանիմացը ու ի՞նչ արեցին՝ հայրենիք հանձնեցին։ 2 տարի առաջ մարդիկ գոռում էին՝ Սե՛րժ, գնա , Նիկո՛լ, արի, հիմա գոռում են՝ Նիկոլ, գնա՛, Պողոս, արի՛»։
Մեր այն դիտարկմանը, թե մարդիկ որքան էլ այսօր դեմ են գործող իշխանություններին, չեն ցանկանում նաև նախկինների վերադարձը՝ ի դեմս Վազգեն Մանուկյանի, Արբակ Խաչատրյանն արձագանքեց. «Շատ բաներ կարող եմ ասել Վազգեն Մանուկյանի մասին։ Բայց մի մարդ, ով կոչ էր անում ամբողջությամբ փակել ռուսական դպրոցները, արդյոք մտածե՞լ էր դրա հետևանքների մասին։ Իր օրոք հենց այդպես էլ արվել է։ Հիմա այդ մարդն ի՞նչ կարող է անել։ Ի՞նչ եք մտածում՝ դա չի՞ օգտագործվելու Հայաստանի դեմ։ Այսօր ունենք երկիր, որ կորցրեց իր 30 տարվա հաղթանակը, փչացրեց բոլորի հետ հարաբերությունները, եկեղեցին դուրս եկավ իր դեմ, ու այսօր ինքը ասում է՝ չեմ գնում։
Մյուս կողմից՝ գալու ցանկություն հայտնողն էլ այլընտրանք լինել չի կարող։ Հիմա այդ ստորագրողը թող գոնե ստորագրելուց հետո ասեր՝ արել եմ, որ պատերազմը կանգնեցնեմ, մեր դեմ աշխարհի տեռորիստներն էին կռվում, ՆԱՏՕ-ի զորքը, այլ ճանապարհ չկար, ստորագրեցի, բայց թող հետո էլ իրեն խփեր։ Եթե ինքը մտածում էր, որ փրկել է, թող դրա պատասխանն էլ տա։ Հասկացանք՝ երկիրը թալանել էին, դրանով զբաղվեցի՞ր։ Չէ, ասում էիր՝ թքած բոլորի վրա, մենք ամենահզոր երկիրն ենք, ոչ մեկի կարիքը չունենք։ Ինչ վերաբերում է Վազգեն Մանուկյանին, ապա գուցե որպես պաշտպանության նախարար այն ժամանակ հիմք դրեց, ու որոշ հողեր գրավեցինք, բայց դրանից հետո կատարվածին նա ոչ մի արձագանք չի տվել։
Տեղի ունեցած թալանին ոչ մի արձագանք չի տվել։ Վախենալն ու թաքնվելը ավելի վտանգավոր է, քան մնացածը։ Նշանակում է՝ դու ևս այդ ամենի մասնակիցն ու հանցակիցն ես»։
Արբակ Խաչատրյանը նշեց՝ իրավիճակի լուծումը միայն կոլեգիալ, մտավորականների մտածող մարդկանց միջոցով կարող է լինել. «Հերի՛ք է այդ մեծամիտ մոտեցումները առաջ տանեք։ Հերի՛ք է պնդեք, թե դուք օրինական ընտրված եք, ձեզ ձեռք տալ չի կարելի։ Ի՞նչ էին անում նախկին պատգամավորները, բացի իրենց բիզնեսների համար տանիք փնտրելուց, իրենց անձնական միջոցների համար հիվանդանոցներ սարքելուց։ Սրանք էլ եկան իրենց աշխատավարձեր սահմանեցին, պարգևավճարներ, Նիկոլին էլ՝ Աստված։ Նիկոլն էլ դարձավ Քրիստոս, որին բառ անգամ չէր կարելի ասել։ Ինչո՞ւ, Նիկոլը սո՞ւրբ էր, առանց Լևոնի ու Սերժի աջակցության թերթ կարո՞ղ էր պահել։ Ինչո՞ւ ենք մենք միշտ անձերին սրբացնում ու հասնում այս օրվան»։