Թող սեփական անվտանգությունն ուժեղացնեն, ոչ թե մեղավորներ փնտրեն ու գոռան՝ ինչո՞ւ եք մեզ կոտորում. Արբակ Խաչատրյան
Կարդալ հրատարակչի կայքումՀոդվածը ներկայացված է բնագրի լեզվով։
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փորձագետ Արբակ Խաչատրյանը (Ռուսաստան, Մոսկվա):
-Պարոն Խաչատրյան, ի՞նչ դիտարկումներ ունեք ՌԴ պատասխանատվության գոտում տեղի ունեցած դիվերսիոն ներթափանցման հետ կապված։ Արդյոք սա կարող էր տեղի ունենալ՝ առանց Ռուսաստանի իմացության։
– Չենք կարող ամբողջ կյանքի ընթացքում մեղավորներ փնտրել, մշտապես անպաշտպան լինենք ու հույսներս որևէ պետության վրա դնենք։ Մեր տարածաշրջանը՝ այդ թվում նաև Հայաստանը, ահռելի տուրբուլենտության տակ է։ Այդ երեք պետություններից յուրաքանչյուրն իր թուլությունը ունի, որից օգտվում են ավելի խոշոր խաղացողները։ Ինձ մտահոգում է Հայաստանի արդեն սովորական դարձած մարտավարությունը՝ ես ոչինչ չանեմ, դուք եկեք ինձ պահեք, իմ անվտանգությունն ապահովեք։ Ժողովուրդը չի կարող ոտքի կանգնել, որովհետև 30 տարի շարունակ արժեքները փոխել են։ Դրա համար էլ արդեն զոհերը դարձել են սովորական։ Ինչքա՞ն կարող ենք մեղավորներ փնտրել, ինչքա՞ն պետք է հները նորերին մեղադրեն, նորերը՝ հներին։ Ինձ համար աբսուրդ է՝ այսօր մեղավորներ փնտրելը։
-Ամեն դեպքում՝ տվյալ գոտին ունի անվտանգության երաշխավոր, որը Ռուսաստանն իր կամքով ստանձնել է, ինչու՞ այսօր իր պարտավորությունները չի կատարում։
– Ինձնից շատ որևէ մեկը երբեք Ռուսաստանին չի մեղադրել ու չի քննադատել։ Ընդ որում՝ ես դա արել եմ նույնիսկ իրենց ԿԳԲ-ի որջում։Բազմիցս ասել եմ, որ մեր ազգը պետք է դադարի ռուսի ստրուկը լինել, պետք է սեփական անվտանգությունը հիմնի, որովհետև կգա ժամանակը, երբ ռուսը մուսուլմանին է միանալու։Մի անգամ չէ, որ ասել եմ, որ նման քաղաքականությունը մեր դեմ է աշխատելու։
Այսօր Ռուսաստանի կողքը միայն Բելառուսն է մնացել՝ բոլորին հայտնի պատճառներով։Հիմա, երբ ամբողջ աշխարհը խփում է Ռուսաստանին, մեր քննադատությունն այլևս արժեք չունի։ Ժամանակին էր պետք մտածել, կերտել սեփական անվտանգային համակարգը։ Հիմա Ռուսաստանի դեմ խոսելն ի՞նչ է տալու մեզ։ 2013 թվականին դուրս գայիք խոսեիք, կախեիք նման որոշում կայացնող ղեկավարներին։ Հիմա մեղավորներ փնտրելն ի՞նչ իմաստ ունի։ Երկրի ղեկավարությունն էլ կանգնում ասում է՝ մենք մեղք չունենք, հներն այսպես են մեզ պետություն տվել, մենք չենք կարող մեզ պաշտպանել։
-Հարցը ոչ թե մեղավոր փնտրելն է, այլ Ռուսաստանի՝ բացահայտ ադրբեջանամետ քաղաքականությունը, անգամ ԶԼՄ-ներով այդ հանգամանքը չեն թաքցնում։
– Նիկոլ Փաշինյանին ընտրել է գրեթե ողջ ազգը, բայց նա ժամանակին մեր ազգի պատիվը չպահեց։ Տարիներ շարունակ Ռուսաստանն իր համար ամեն ինչ էր, իր սեփական ձեռքվ բերեց այստեղ ռուս խաղաղապահներ կանգնեցրեց։ Գնում հասնում էր Վլոդիվոստոկ՝ ինչ է, թե նստի Պուտինի կողքն ու ասի՝ ես քո հետ եմ։ Հետևանքները կանխատեսելի չէի՞ն։ Դրանից հետո կանչում բերում ես այստեղ այդ երկրների ղեկավարներին ու չես ստորագրում, որ ի՞նչ լինի։Թող տաներ սեփական անվտանգային քաղաքականության ստեղծման, հետո ռուսին կկպներ, թե ուրիշին՝ արդեն էական չէր։ Այդքան տարի խոսելուց հետո, կանգնում ասում ես՝ ռուսները վատն են, մեր անվտանգությունը չեն ապահովում․ իսկ ի՞նչ էիր մտածում, ի՞նչ պետք է աներ հակառակ կողմը։
-Իսկ եթե չեն պահում, ի՞նչ ասի։
-Եթե դու դառնում ես պետության ղեկավար, ապա պատասխանատու ես քո ժողովրդի անվտանգության համար։ Այն ժամանակ, երբ ասում էի՝ ռուսները մեզ հանձնելու են, լսող չկար, հիմա գոռալ՝ ինչու՞ հանձնեցիք, միամտություն է։ Դու ինքդ ես հանձնողը։ Չես կարող նման թշնամի պետության հետ խաղաղություն ուզել, ինչ է, թե միջազգային ատյաններում քո անունը տան, ասեն՝ նայեք ինչ լավն է։Ես շատ կուզենայի, որ ՆԱՏՕ-ի զորքը գար ու պահպաներ մեզ, բայց ի՞նչ եք մտածում ՝ իրենք դա անելու՞ են։Պատկերացնու՞մ եք Ռուսաստանը հիմա Կուբային, Վենեսուելային հզոր զենք տար ու ասեր՝ Ամերիկայի հետ կռվեք, ի՞նչ կանեին Ռուսաստանի հետ մնացած երկրները։ Կան տարածաշրջաններ, որ Ռուսաստանը համարում էր իր անվտանգության գոտին, մեր երկիրը ևս այդ գոտում է։ Ես 20 տարի պայքարել եմ դրա դեմ։ Թող այս տարիները օգտագործեին ի նպաստ Հայաստանի։ Փոխարենը՝ ընկած մեղավորներ են փնտրում, թե մեզ ինչու են կոտորում։